Արթուր Գրիգորյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում

Արթուր Գրիգորյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում

Որոշումը կայացրել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը։

ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում (նախկին Թոխմախ գյոլ): Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 5–ին` ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից:
Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
Իսկ 2001 թվականից եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։