Արմեն Սարգսյանն ու շեյխ Ալ-Նահյանը քննարկել են հայ-էմիրաթական ապագայամետ գործակցությունը
Կողմերը վստահ են, որ երկու երկրների միջև ստեղծված օդային նոր կամուրջը երկկողմ համագործակցությունը խորացնելու ևս մեկ միջոց է։
 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն ԱրաբականՄիացյալԷմիրություններում է աշխատանքային այցով, հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ ԱբդալլահբինԶայեդԱլ-Նահյանիհետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպման օրակարգի առանցքային հարցերը վերաբերել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ ՀՀ նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին, խոսել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին:
Սարգսյանն ընդգծել է, որ այս հրատապ խնդրի լուծման հարցում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

«Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում»,- նշված է հաղորդագրությնա մեջ։

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է, որ Միացյալ Էմիրությունների շահագրգռված է ընդլայնել Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը։
Նա կարևորել է փոխգործակցության խորացումն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում:
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ–ի միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին։ Նա կարևորել է ծրագրի ընդլայնումը և նոր ներդրումները:
Ընդգծվել է երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան:
Զրուցակիցները նաև շեշտել են, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային։ Նրանք վստահ են՝ քանի որ կա համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն առաջ գնալ։