Արման Թաթոյանը Սյունիք է մեկնել
ՀՀ ՄԻՊ–ը մարզում է գտնվելու աշխատակազմի հետ միասին։ Տարբեր ուղղություններով ուսումնասիրություններ կիրականացվեն։
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատակազմի հետ միասին մեկնել է Սյունիք։ Տեղեկությունը Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։
«Թաթոյանը մեկնել է` առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ»,– նշում են աշխատակազմից։
ՄԻՊ–ը նախատեսում է մանրամասն ուսումնասիրել բնակիչների իրավունքների վիճակը։
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։,
Դեռ նոյեմբերի 19-ին Արման Թաթոյանն ընդգծել էր, որ Սյունիքի մարզում Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով 6 գյուղում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, – խմբ.) անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները։