Արցախի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնությունից

Արցախի աղջիկների թիմը (մարզիչ՝ Գայանե Մելքումյան) բրոնզե մեդալով է վերադարձել սեպտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Երևանում կազմակերպված ՀՀ դպրոցականների լողափնյա վոլեյբոլի 2022 թվականի առաջնությունից:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ առաջնությունն անց է կացվել ՀՀ և ԱՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի ծրագրով:

ՀՀ մարզերից ու Արցախից մրցումներին աղջիկների՝ 6, տղաների՝ 9 թիմ է մասակցել: Երկօրյա մրցապայքարում Արցախի աղջիկների թիմը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը: Պատանի վոլեյբոլիստները պարգևատրվել են առաջնության գավաթներով, համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով:

«Չնայած Արցախում լողափնյա վոլեյբոլով զբաղվելու պայմաններ չկան, արցախցի պատանի վոլեյբոլիստները միշտ գոհացուցիչ արդյունքներով են վերադառնում ՀՀ առաջնությունից»,- ասում է աղջիկների թիմի մարզիչ Գայանե Մելքումյանը: