Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ այս մասին տեղեկություն էր տարածել Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ Բեգլարյանին ներկայացնելով որպես «ՀՀ քաղաքացի» (չակերտները - Tert.am)։
«Օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին» (չակերտները - Tert.am)։ Հայտնել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն «անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ գյուղի տարածքով» (չակերտները - Tert.am):
Նաև նշվում է, որ «այս փաստով հետաքննվություն է իրականացվում» (չակերտները - Tert.am)։