«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 
Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:
Այդ առումով ընկերությունը հորդորում է բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:
Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը` խնդրելով զգոնությամբ ու համբերությամբ զինվել՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից:
Հիշեցնում ենք, որ մարտի 21-ից գազամատակարարումը լրիվությամբ ու անընդմեջ դադարեցված էր, և Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանվել է 143 օր շարունակ: