Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը մինչեւ 54 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Այս մասրն «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը :
«Սա Էրիկի չորրորդ հաղթանակն է Հայաստանի առաջնություններում։ Նա ռինգում երեք մենամարտ է ունեցել: Ընդ որում երկու մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել»,-մանրամասնեց Ն. Աբրահամյանը՝ կարևորելով այս դժվարին պահին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հրավերով ՀՀ առաջնությանն արցախցի երկու մարզիկների մասնակցությունը, քանի որ նրանք բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ են, ովքեր ներկայացնում են ոչ միայն Արցախի Հանրապետությունը բռնցքամարտի ՀՀ առաջնությունում, այլ նաև իրենց քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Նշենք, որ Էրիկ Առստամյանը բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի երիտասարդների չեմպիոն է։