«Արցախբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից 7.951 միլիոն դրամ գումար հափշտակելու գործով կան մեղադրյալներ

Մի խումբ անձինք 2022թ․ հոկտեմբերի 16-ին, ապօրինի մուտք են գործել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքապետարան և հափշտակություն կատարելու նպատակով, էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել են նույն շենքում տեղակայված՝ «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը և այնտեղից գաղտնի հափշտակել 7 մլն․ 951 հազար դրամ կանխիկ գումար:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
«ԱՀ ոստիկանության և քննչական կոմիտեի քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքը կատարել են քաղաքացիներ Գ.Խ.-ն և Ե.Ս.-ն, ովքեր ձերբակալվել են:
Քննիչի կողմից նրանք մեղադրյալ են ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Մեղադրյալների նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- մանրամասնել են դատախազությունից: