Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
33-ամյա Օզբիլիսն այդ առիթով ասուլիս է հրավիրել։
«Ես ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերան: 4 տարեկանից սկսեցի զբավել ֆուտբոլով: Իմ մեծ երազանքն է եղել Հայաստանի ազգային հավաքականում խաղալը, որը կատարվեց: 2012թ․ թվականի փետրվարին ես նշեցի իմ նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Շատ բարդ էր այս որոշում կայացնել, բայց ես տխուր չեմ:
29 տարուց եւ 8 վիրահատությունից հետո, որոշել եմ ավարտել կարիերաս: Այսօր եմ հայտարարում կարիերայիս ավարտի մասին, բայց ավարտը եղել է դեռ 2014 թվականից: Այդ ընթացքում ես տարա բարդ վիրահատություններ, նորից վերադարձա խաղադաշտ, բայց այլեւս այն չէր: Ներկայացրել եմ ամբողջ ազգ, ինչի համար շնորհակալ եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, մարզիչներին, իմ թիմակիցներին:
Հպարտությամբ եմ ներկայացրել Հայաստանը, մեր եռագույնը: Այս ճանապարհն անցնել եմ մեծ հպարտությամբ, մասնավորապես հպարտության մեծ զգացողություններ եմ ունեցել ազգային հավաքականի կազմում: Սա ֆուտբոլային կարիերայի ավարտ է, բայց նոր եւ հետաքրքիր նոր ճանապարհի սկիզբ: Ես իմ պոտենցիալին չհասա: Եթե վնասվածքներս չլինեին, գուցե ավելի բարձր մակարդակում խաղայի: Այդպես է ասել նաեւ մարզիչս:
Ես խաղացել եմ նաեւ «Բեշիկթաշում», որը տարբեր կարծիքների տեղիք տվեց: Ես որեւէ այլ զգացողություն չեմ ունեցել այնտեղ: Կարիերայումս ամենահիշվող գոլը դժվար է ասել: Գոլ խփելն ու ստադիոնի մթնոլորտը մեծ զգացողություններ է առաջացնում: Գուցե այդ գոլն ամենասիրունը չլինի, բայց մթնոլորտը գեղեցկացնում է այն:
Ես մտածում էի ավելի վաղ ավարտել կարիերաս, քանի որ Հայաստանի չեմպիոն էին դարձել: Ընտանիքս այստեղ չէր, ինձ մոտ էլ բարդություններ էր առաջանում, արդեն ներարկումներով էի խաղերին մասնակցում: Վերջնական որոշեցի կայացնել որոշումս եւ ավարտել կարիերաս»,- ասաց Արաս Օզբիլիսը:
«Ես միշտ ասել եմ, որ իմ կարիերայի ավարտից հետո անպայման պետք է օգնեմ հայկական ֆուտբոլին, կլինի դա որպես մարզիչ կամ մենեջեր։ Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում։ Ես մեծացել եմ արտասահմանում, ու իմ առաջնային նպատակն է փոխել հայկական ֆուտբոլում մտածելակերպը», - ասել է Օզբիլիսը։