Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։
Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, Միխայիլ Գլինկայի Իսպանական նախերգանք թիվ 1 «Capriccio Brnillate» արագոնական խոտայի թեմայով, Ալեքսանդր Բորոդինի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։
Խաչատրյանի անվան հոբելյանական փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը. այն ընդգրկում է 5 համերգ։ Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Երաժշտական այս տոնն ամեն տարի Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Նախորդ 9 տարիների ընթացքում ելույթ են ունեցել ականավոր արտիստներ Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Սերգեյ Խաչատրյանը, Գոթյե Կապյուսոնը և այլք։ Այս տարի ևս ունկնդիրներին սպասվում են երաժշտական հետաքրքիր հանդիպումներ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջորջ Փեհլիվանյանը։