Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետրանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Տվյալները ՀՀ Ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 2278 հարցում, իրականացվել՝ 1190 օտարում:
«Սա նշանակում է, որ 2000-ից ավելի քաղաքացիներ անհրաժեշտություն չեն ունեցել այցելել վարչական շրջաններ, որպեսզի 0-ական տեղեկանք ստանան: Համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,- նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: