Ապարանում լարված իրավիճակ է. գյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղում լարված վիճակ է, գյուղի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել։ Բանն այն է, որ կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել գյուղացիների պատկանող գյուղատնտեսական նշանակության 110 հեկտար հողատարածք, եւ համարժեք փոխհատուցում չի տվել, առաջարկել են շուկայականից անհամեմատ ցածր կին՝ 300 դրամ, գրում է Hraparak.am-ը:
Վաչիկ Արշակյանը, որի հողը եւս ճանաչվել է հանրային գերակա շահ, «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ գյուղատնտեսական նշանակության իրենց հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ կոպեկների գնով։ 
 
«Կոպեկների գնով ուզում են մեր հողերը մեզնից խլել, չեք պատկերացնում, թե ինչ վիճակում ենք հայտնվել։ ում ասես դիմել ենք, նամակներ ենք գրել վարչապետին, էկոնոմիկային նախարարին ենք հանդիպել, խոստացել են գալ, չեն եկել։ Ես դառնում եմ գործազուրկ, իմ հողը վերցնում են, իրենց տված գումարով ես այլեւս հող չեմ կարող գնել»,-նշեց նա։
 
Հողի գնորդը «ՌԻԴ» ՍՊԸ-ն է, որը պատրաստվում է այդ վայրերում ճոպանուղի եւ լեռնադահուկային համալիր կառուցել։ Կառավարությունը 2023-ի մարտին հավանություն տվեց այս ընկերության ներկայացրած՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Այս նոր համալիրը կառուցվելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերում։ Վարդենուտ եւ Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ գործադիրը հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կառավարությունը կայացրեց նախորդ տարվա սեպտեմբերի 14-ի կառավարության նիստում։