ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ԵՎ ՄՈԴԻԼՅԱՆԻ




20-րդ դարասկզբին Փարիզի փոքրիկ սրճարաններից մեկում խաչվեցին երկու երիտասարդների հայացքներ:

«Ինչ հետաքրքիր հրեա է »,- մտածեց կինը:

«Ինչ հետաքրքիր ֆրանսուհի է ».-մտածեց տղամարդը:

Կինը ճիշտ էր գուշակել, տղամարդը` ոչ: Խաչվեցին բանաստեղծուհի Աննա Ախմատովայի և նկարիչ Ամադեո Մոդիլյանիի հայացքները: Մայիսյան այդ երեկոյին Ռոտոնդա սրճարանում Ամադեոն ներկայացավ Աննային վառ դեղին բաճկոնով, լայն գլխարկով և բասկերի գունեղ վզկապով: Առաջին հանդիպումն իր մեջ արդեն իսկ կրում էր փառքի ու դժբախտության նախազգացումի արձագանքը: Աննան այդ հանդիպումից մեկ ամիս առաջ էր ամուսնացել Նիկոլայ Գումիլյովի հետ, իսկ Մոդիլյանին եկել էր Փարիզ իրեն տաղանդավոր նկարիչ հայտարարելու , ի ցույց դնելով իր աղքատությունը: Այդ օրը նկարիչն առաջարկեց նկարել նրա դիմանկարը և Աննան համաձայնեց: Այդպես սկսվեց նրանց գաղտնի ու բուռն սիրավեպը և Աննան, վերադառնալով Սանկտ Պետերբուրգ, այդպես էլ չկարողացավ մոռանալ Մոդիլյանիին: Երբ Աննայի ամուսինը` Գումիլևը, երկար ժամանակով գործուղվում է Աֆրիկա, Ամադեոյից ստացվում է սրտաճմլիկ մի նամակ: Նա գրում էր, թե չի կարողանում մոռանալ Աննային և երազում է, որ նորից հանդիպեն: Եվ նամակագրությունը դառնում է շարունակական: Երբ ամուսինը վերադառնում է, Աննան վիճում է նրա հետ և մեկնում Փարիզ: Տեղեկանալով, որ Ամադեոն, մշտական աղքատությունից և անհուսությունից ճնշված, տարվել է ալկոհոլով և թմրանյութերով, Աննան այցելում է նրան:

Ախմատովան հանդիպեց նիհար, գունատ ու տանջված դեմքով մի մարդու, ով քիչ ընդհանրություններ ուներ այն գեղեցիկ տղամարդու հետ, որին նա հանդիպել էր Ռոտոնդա սրճարանում: Բայց նույնիսկ այդ տեսքով Ամադեոն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը թվաց Աննային: Ամադեոյի հետ անցկացրած օրերը և նրա այրող, խորաթափանց հայացքն Ախմատովան հիշեց ողջ կյանքի ընթացքում: Անշուք և սառն արվեստանոցում Աննան դարձավ Մոդիլյանիի մուսան և բնորդուհին: Ախմատովան նորից վերադարձավ Պետերբուրգ, գաղտնի պահելով իր սերը և հարաբերությունները Մոդիլյանիի հետ: Նա թաքցրեց Մոդիլիանիի նվիրած բոլոր նկարները, բացի մեկից…

9 տարի անց Աննան արվեստին նվիրված մի ամսագրում պատահական տեղեկանում է Մոդիլյանիի մահվան մասին: Ավելի քան 50 տարի Աննա Ախմատովան գաղտնի պահեց իր լուսավոր, բայց կարճատև սիրավեպը Մոդիլյանիի հետ, բայց ստիպված էր 1965-ին Փարիզ այցելության ժամանակ բացահայտել գաղտնիքը: Թաքցնելն արդեն անիմաստ էր, քանի որ տարբեր ցուցասրահներում ներկայացված Մոդիլյանիի մեծաքանակ նկարներից 12-ում պատկերված էր երիտասարդ, գեղեցիկ ու սևահեր մի աղջիկ` նկարչի մուսան ու սիրուհին` բանաստեղծուհի Աննա Ախմատովան:

Աննա Ախմատովան երբեք չբաժանվեց 1911 թվականի Մոդիլյանիի գծանկարից, որը մինչև կյանքի վերջ կախված մնաց բանաստեղծուհու մահճակալի վերևում: