Հայաստանը եզրափակչի առաջին մասնակիցն ունի Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում, տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայ մարզիկներից ոսկե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Անի Հովսեփյանը : Կիսաեզրափակիչում Անի Հովսեփյանի մրցակիցը տանտերերի՝ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչն էր:
Թեպետ մարզադահլիճում Ռադունովիչի երկրպագուները մեծ աջակցություն էին ցուցաբերում, բայց հայ մարզուհին ոչ մի շանս չտվեց մրցակցին: Չեռնոգորիայի ներկայացուցիչը քիչ, թե շատ դիմադրեց միայն առաջին ռաունդում: Նա փորձում էր մերձամարտի բռնցվել, բայց Անի Հովսեփյանի մի քանի ուժգին հարվածից հետո ստիպված էր փոխել մարտավարությունը:
Երկրորդ ռաունդում մեր մարզուհու առավելությունը շատ ավելի մեծ էր: Ուժգին հարվածաշարից հետո մրցավարը հաշիվ բացեց:
3-րդ ռաունդում հայ մարզուհին շարունակեց նույն տեմպով և շատ վստահ հաղթանակ տարավ՝ 5:0 հաշվով: Ընդ որում, մրցվարներից երկուսը մեզ հաղթանակ շնորհեցին 30:25 հաշվով: Եզրափակիչում Անի Հովսեփյանի մրցակիցը իռլանդացի Քրիստինա Դեսմոնդն է»,- հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: