Արցախի համաժողորվրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները ևս մեկ անգամ հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ իրենց կոչը հղելու միջազգային հանրությանը։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք արցախցիների կողքին են և Արցախը միայնակ չէ։
Արցախցի Արևիկ Պետրոսյան հնչեցրեց իրենց պահանջը, որ պետք է բացել կյանքի ճանապարհը, որպեսզի Արցախում իրենց հայրենակիցները սովամահ չլինեն։
«Մենք նաև այստեղ ենք սատարելու այն կանանց, որոնք հացադուլ են հայտարարել ի աջակցություն սովի մատնվող արցախահայությանը»,- պահանջ հնչեցրեց ակցիայի մասնակիցը։
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ Արցախում մարդիկ սովի են մատնվում ոչ միայն Ադրբեջանի, այլև լուռումունջ նայող միջազգային հանրության ինստիտուտների կողմից:
«Ապահովեք կամ հողային, կամ օդային ճանապարհ։ Մենք ձեզանից սնունդ չենք ուզում, այն ինքներս ենք բերելու։ Ամո՛թ է սովի մատնել 120 000 հայի, այդ թվում՝ 30 000 երեխայի։ Ամո՛թ է, սով է Արցախում, բացե՛ք ճանապարհը։
Ինչի՞ համար եք ամեն երկրում գրասենյակներ բացել։ Դուք կարողանում եք, բայց չեք անում։ Բացե՛ք կյանքի ճանապարհը, կամ փակե՛ք ձեր գրասենյակը»,- հայտարարեց Ալավերդյանը։
Նշենք, որ արցախցիները հաջակցություն շրջափակման մեջ գտնվող հայրենակիցների ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նաև սնունդ են հավաքում։
Հիշեցնենք, որ Արցախում սկսվել է համաժողովրդական շարժում. արցախցիները Վերածննդի հրապարակում վրաններ են տեղադրել և անժամկետ նստացույց սկսել։ Նստացույցին միացել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Երևանում էլ ի աջակցություն արցախցիների բողոքի ակցիաներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատների առջև։