Ամիսներ առաջ ես անկեղծորեն համոզված էի, որ Գլխավոր շտաբը պետք է տանկեր ու զորքեր մտցնի Երևան․ Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

-Ամիսներ առաջ ես անկեղծորեն համոզված էի, որ Գլխավոր շտաբը պետք է տանկեր ու զորքեր մտցնի Երևան։ Բայց հիասթափությունը մեծ էր, երբ պարզվեց, որ Հայաստանի գեներալները չափազանց փափկասուն են ու քնքուշ։ Իհարկե այս մոտեցման քննադատները առաջնային են դարձնում Սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտությունը։ Բայց ի՞նչ Սահմանադրություն, երբ պետությունը փաստացի չի գործում, պետական ինստիտուտները կազմաքանդված են և տիրապետող է անիշխանությունը։


Իրականում ես փորձում էի շատ ավելի բարդ գործառույթ վերագրել ԳՇ-ին, որն է՝ Հանրապետության պահպանությունը։ Մոտավորապես այն նույն առաքելությունը, ինչ ունեն զինվորականները Քեմալական Թուրքիայում և Նասերյան Եգիպտոսում։ Բայց ինչպես պարզվեց սա անհիմն ու չհաշվարկված մոտեցում էր, քանի որ մեր երկրում հարցեր լուծելու վճռականություն չկա։ Խնդիրը շատ պարզ է․ օրվա իշխանությունը ձեռքից բաց է թողել պետության սանձերը, ինչի հետևանքով վիրավոր ու արնաքամ պետությունը սլանում է անհայտ ուղղությամբ։ Մի անգամ գյուղերից մեկում աչքիս առաջ կով էին մորթում։

Զարմանալին այն է, որ գլուխը կտրելուց հետո կովի մարմինը շարունակում էր գործել, նույնիսկ փախչելու փորձ արեց։ Հայաստանը հենց այս իրավիճակում է հայտնվել։ Անիշխանությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հրաժարվել պատրանքներից ու գիտակցել , որ սա այլևս առաջվա Հայաստանը չէ։ Պետք է հասկանալ, որ սահմանային այս իրավիճակի առաջնային պատճառը Երևանում իշխանության բացակայությունն է։ Իսկ իշխանության թափուր հաստիքը զբաղեցնելու համար բռնություն է անհրաժեշտ։ Պարտադիր չի արյուն թափել, ընդամենը պետության վերականգնման համար անհրաժեշտ է, որ հյուսիսից մինչև Մեղրի բոլոր համայնքները զգան կառավարության ծանր, զորեղ ու ճնշող ներկայությունը։

Պերիֆերիան և սահմանները ոչինչ են առանց քաղաքական կենտրոնի, քանի որ դրանք սնվում և ազդակներ են ստանում մայրաքաղաղաքից։ Ընտրություններից առաջ, թե հետո, միևնույն է, բռնություններ լինելու են, արյունով կամ անարյուն լինելու են։ Պետության սանձերը պետք է քաշվեն։