«Ամբերդ ՀԷԿ»–ում ստուգումներ են արվել. 14 մլն դրամ վնասի հատուցման պահանջ է ներկայացվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փոքր հիդրոէլեկտրոկայաններում խախտումներ են հայտնաբերել։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ–ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ԲԸՏՄ Facebook-ի էջը։
«Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» փոքր հիդրոէլեկտրոկայանները (ՓՀԷԿ) խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները` իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացրել է սահմանված կարգի խախտմամբ և աղավաղմամբ։
«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530 000 ՀՀ դրամի չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14 մլն 259 հազար 226 ՀՀ դրամ։