Ամառ օրով դուռ, պատուհան չենք կարողանում բացել, փոշու մեջ կորած ենք. Ֆիզգորոդոկի բնակիչ

«Ռատկո» ՍՊԸ-ն Ֆիզգորոդոկի ամբողջ տարածքն ավիրել է, փոխարենը «չինական պատ» է կառուցում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզգորոդոկի բնակիչ Ջիլդան Ջավադյանը։

Նրա խոսքով՝ տարածքում երեք ամիս է՝ շինաշխատանքներ չէին իրականացվում եւ այսօր վերսկսվել են։

«Ամառ օրով դուռ, պատուհան չենք կարողանում բացել, փոշու մեջ կորած ենք: Այսօր տեսա՝ ոստիկաններ էին հավաքվել: Մեր բակի երկու տղաների բերման ենթարկեցին: Դե բերման ենթարկելու համար մեկ հատ են: 12 հարկանի շենք են կառուցելու, բա հետո՞: Քաղաքում մի տեղ չեն թողնում նորմալ: Ծառերը կերան, ջրերը խմեցին հրեշների նման, հանքերը բաց են թողնում, բնակիչներին թունավորում»,- դժգոհեց բնակչուհին:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում այսօր «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները: Վերսկսմանը բնակիչները դեմ են եւ դիմադրություն են ցուցաբերել, ինչից հետո էլ ոստիկանները բերման են ենթարկել երկու քաղաքացու՝ իրավաբան Հայկ Հարությունյանին եւ ֆիզիկոս Միքայել Ագանյանցին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնել են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։