Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ռուս պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ

Ադրբեջանn Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի նկատմամբ։

Մարտի 28-ին «Ռոսիա 1» եւ «Պերվի» հեռուստաալիքների եթերում «60 րոպե» քաղաքական թոք-շոուի ժամանակ Միխայիլ Դելյագինը Թուրքիային ԱՄՆ-ի արբանյակ էր անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Թուրքիայի պրոքսի», իրական սպառնալիք եւ կոչ էր արել խստորեն պատժել Ադրբեջանին: «Ռուսաստանի տնտեսությունից կախված ադրբեջանական բիզնեսը կարող է մեկ օրում պայթել: Ադրբեջանի նավթարդյունաբերությունը խիստ տեղայնացված է եւ կարող է դադարել գոյություն ունենալ 15 րոպեի ընթացքում։ Քանի որ «պրոքսին» այլ կերպ չի հասկանում։ Անկախ պետությունը կհասկանար, իսկ «պրոքսին»՝ ոչ։ «Պրոքսին» դա ազատորեն հասկանալու գործառույթ չունի։ Ժամանակակից աշխարհում այլ կերպ խոսել այլեւս հնարավոր չէ», ընդգծել էր Միխայիլ Դելյագինը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատգամավորի գործողություններում տեսել է ԱՀ քրեական օրենսգրքի 101.2 (ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչեր), 214.2.3 (ահաբեկչություն՝ հրազենի եւ որպես զենք օգտագործվող իրերի օգտագործմամբ) 283.1 եւ  283.2.2 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրում) հոդվածներում նշված հանցակազմի նշաններ: 2022 թվականի մարտի 29-ին ԱՀ գլխավոր դատախազը դատախազության քննչական վարչությանը հանձնարարել էր նախաքննություն իրականացնել այս հոդվածներով քրեական գործի հարուցման առնչությամբ:

Միխայիլ Դելյագինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի նշված հոդվածներով եւ դատարանի որոշմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը բացատրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում իր արած հայտարարության իմաստն ու դրդապատճառները։

Միաժամանակ նա ներողություն է խնդրել բոլոր ազգերի մարդկանցից, ում վախեցրել են իր խոսքերը, եւ ընդգծել է, որ իր ներողությունը չի վերաբերում այն ​​մարդկանց, ովքեր իրեն չեն հասկացել, քանի որ ռուսերենից միայն անպարկեշտ արտահայտություններ գիտեն։

Դելյագինը նաեւ նշել է, որ telegram-ում արված հայտարարությունը եւ հարցումը հասցեագրված էին ոչ թե ադրբեջանական ժողովրդին եւ պետությանը, այլ ադրբեջանական բյուրոկրատիայի որոշակի հատվածին, որը կարող է որոշել, որ ռուսական ուժերի՝ ռազմական օպերացիայով զբաղված լինելու իրավիճակում կարելի է չկատարել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները.