Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կրակոցների հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-հպայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հայտնել, որ երեկ հակառակորդը մոտ 10 րոպե շարունակ կրակել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան։