Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ՄԻՊ

Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ  հենց գյուղատնտեսական  տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում առավել ինտենսիվ բնույթ են կրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները, որոնք ահաբեկելու և բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն:

«Ադրբեջանական իշխանությունները և նաև այդ  երկրի նախագահը տարբեր առիթներով այսօր էլ փորձում են այդ միջադեպերը ներկայացնել ոչ թե որպես հրադադարի ռեժիմի համատարած խախտումներ, այլ տարբեր տեղանքներում հատուկենտ արձանագրվող դեպքեր: Բայց միայն այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի ընթացքում արդեն 11 դեպք կա արձանագրված, երբ ադրբեջանական կողմն ուղիղ կրակոցներով դադարեցրել, խանգարել է գյուղատնտեսական աշխատանքները, խոսում է այն մասին, որ դրանք հատուկենտ չեն և հետևողականորեն ու համակարգային կերպով իրականացվող քաղաքականության բաղադրիչներ են»,-մանրամասնեց Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ կրակում են, որպեսզի այդ հողատարածքները չօգտագործվեն, մարդիկ չմշակեն իրենց հողամասերը, որոնք գյուղերի  բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն են: