Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանից Արցախ ռազմամթերք տեղափոխելու մասին ապատեղեկատվություն է տարածել. ՆԳՆ ոստիկանություն
Ինչպես տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը, նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: «Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել:
Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում անգամ Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախի ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։ Այդ ճանապարհով ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվում է մարդկանց և բեռների խիստ սահմանափակ տեղաշարժ՝ բացառապես հումանիտար նպատակներով: