Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Շուշիի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ. Արցախի պետնախարար

Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից արդեն ներկայացվել են այն խնդիրները, որոնք կարող են ծագել առաջիկա օրերին՝ շրջափակումը շարունակվելու պարագայում»,- գրել է պետնախարարը:

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելու պատճառով Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս, այժմ չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: «Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում: Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել եմ ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և, հուսով եմ, կունենանք այդ և մյուս խնդիրների լուծումներ»,- ասված է գրառման մեջ: