Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է haqqin.az-ը։ Հատկապես խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է օկուպացված հայկական Շուշի քաղաքում։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ գոհ է ներկայիս տարածաշրջանային կոնֆիգուրացիայից եւ նշել է, որ տարածաշրջանում ակտիվ երկխոսություն է ընթանում Բաքու-Մոսկվա-Անկարա ձեւաչափով։ «Այս «եռանկյունին» դեռ վերջնականապես ձեւավորված չէ։ Բայց կան հարցեր, որոնք փոխադարձ են՝ տրանսպորտ, էներգետիկա, եւ մենք ակտիվ երկխոսություն ունենք թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում։ Դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց մենք գոհ ենք տարածաշրջանային կոնֆիգուրացիայից»,- ասել է Իլհամ Ալիեւը։ Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի եւ Իրանի հետ։
«Հուսամ, որ Հայաստանի հետ եւս լավ հարաբերություններ կլինեն։ Արդյունքում մենք շրջապատված կլինենք կայունությամբ, հիմնական նպատակն այն է, որ կարողանանք միջոցներ՝ միլիարդավոր դոլարներ, ուղղել ոչ թե սպառազինության, այլ շինարարության ու արարման համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։