«Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը». Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

«Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 1987 թվականի դեկտեմբերի կեսերից: Բազմաթիվ ականատեսներ պատմում են, որ Սումգայիթի և հարակից քաղաքների գործարանները 1987-ի դեկտեմբերից մինչև 1988-ի փետրվար սուր և ծակող գործիքների աննախադեպ չափով արտադրանք են թողարկել: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրականացնողների ձեռքի տակ եղել են հայերով բնակեցված թաղամասերի կոնկրետ հասցեները: Սա նշանակում է, որ զանգվածային կոտորածն ու ջարդը որպես խուլիգանական արարք որակելը, ինչպես մինչ օրս Բաքվի քարոզչամեքենան է ներկայացնում, իրականությանը չի համապատասխանում: Պետք է հաշվի առնել, որ, Սումգայիթի ջարդերին զուգահեռ, Բաքվի բազմաթիվ թաղամասերում ևս հայերի նկատմամբ տեղի էին ունենում ցեղասպանական գործողություններ: Սակայն այդ ոճրագործությունները որևէ համապատասխան արձագանքի չեն արժանացել: Կեղծ դատավարության արդյունքում հայերի ցեղասպանության զոհերի` Ադրբեջանի դատախազության կողմից հրապարակված թիվը ևս իրական չէ։ Կովկասագիտության կենտրոնի ղեկավարի և նրա հետ համատեղ  աշխատած մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սումգայիթում այդ օրերին մոտ 3000 հայ Է զոհվել: Այդ են վկայում խոսուն փաստերը: Սպանվածների դիակները նետում էին ծովը կամ  այրում: Այդ օրերին ոճրագործներն առաջնորդվում էին «Մահ հայերին» կարգախոսով, որն Ադրբեջան էր ներմուծվել Թուրքիայից: Եվ այս վարքագիծը որևէ քաղաքական ու իրավական գնահատականի չարժանացնելը ստեղծեց պարարտ հող հետագա հանցագործությունների համար»,-ներկայացրել է Ն. Խաչատրյանը:

ՈւԳԸ նախագահ Մարիա Հակոբյանն իր հերթին փաստեց,որ 1988 թվականի նոյեմբերին Ադրբեջանի կողմից բռնությունների նոր ալիք է սկսվում Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ:

«Զանգվածային բռնություններ են տեղի ունեցել ինչպես Գանձակում, այնպես էլ՝ Մինգեչաուրում, Շամխորում, Վարդաշենում, Խանլարում: Այդ բնակավայրերում ապրող հայերի մեծամասնությունն  արցախյան ծագում ուներ: Ադրբեջանը սրանով փորձում էր կոտրել հայերի ոգին, ճնշել արցախյան շարժումը` ցեղասպան վարքագիծ դրսևորելով հատկապես Գանձակում, երբ  ադրբեջանական հրոսակները, ներխուժելով Գանձակի ծերանոց,  սպանեցին 12 հայ ծերերի, որոնց մասնատված մարմինները գտնվել  են ավելի ուշ՝ 1990 թվականի ամռանը` Գանձակի մատույցներում, իսկ տղամարդկանց սպանդն իրականացվեց  դաժանաբար, քաղաքից  հեռու գտնվող տարածքներում»,-ընդհանրացրել է բանախոսը: