Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու. Բեգլարյան
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
««Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:
Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով», - գրել է Բեգլարյանը։