Ադրբեջանական գերությունից վերադարձած 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել. 3-ը սպա են
Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հայտնել գերությունից վերադարձած զինծառայողների քրեական գործի մասին։
Նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6–ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը «Փաստինֆո» գործակալության գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ–ից հաստատել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարվել են 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք են վերադարձել 26-ը, իսկ 6–ը դեռ գերության մեջ են։
«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված քրեական գործի քննության շրջանակներում, գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ -ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը սպաներ են։

ՔԿ-ից նաև տեղեկացրել ենք, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վերոնշյալ օրը գերության մեջ հայտնված թվով 6 զինծառայողներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները ևս գերեվարվել են։