Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանն ազատ կարձակվի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։
Նշենք, որ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
«Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը»,–գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո Արամյանը կալանավորվել է։
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։
Նոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։
Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես Քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։