ԱԱԾ–ն նոր բացահայտումներ է արել 2020 թվականի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով

Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով որպես մեղադրյալ ներգրավված ևս 3 անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու ու վնասելու, կողոպուտի, զանգվածային անկարգությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Նրանցից 7 –ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, մնացածի մասով դատաքննությունն ընթացքի մեջ է:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու համաձայնության վերաբերյալ հայտարարությունը ԶԼՄ–ներում հրապարակվելուց հետո ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես Երևանում կառավարության, ԱԺ շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում իրականացվել են զանգվածային անկարգություններ։
նոյեմբերի 10-ի երեկոյան մի շարք մարդիկ ներխուժել էին կառավարության շենք, որտեղ կոտրել էին ապակիները։ Նրանք նաև ԱԺ էին ներխուժել, ինչպես նաև կառավարական առանձնատուն։ Այդ օրն ԱԺ-ի մոտ ավտոմեքենայից հանել և ծեծել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։