90-ամյա պատմություն ունեցող բուհի ճակատագիրը վտանգված է, խոշորացման նախագծերը պետք է լինեն խելամիտ և մտածված․ Բրյուսովի պետհամալսարանի պրոռեկտոր

Վերջին շրջանում մամուլում տարածվեցին լուրեր, որոնց համաձայն՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը նախատեսվում է փակել։ Պարզվեց, որ այս լուրը համապատասխանում է իրականությանը: ԿԳՄՍ նախարարության նախագծով, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին, ինչն էլ պատճառ դարձավ համալսարանի ուսանողների բողոքի ակցիաների և դասադուլերի:

90-ամյա պատմություն ունեցող բուհի ճակատագրի մասին Aysor.am-ը խոսել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի գծով պրոռեկտոր Սահակ Մանուկյանի հետ։

«Այն, ինչ Բրյուսովի համալսարանում նախորդող երկու շաբաթների ընթացքում իրականացվել է ուսանողների կողմից, եղել է ինքնաբուխ։ Ուսանողներն իրենց սիրելի համալսարանը, իրենց տունը փակել ցանկանալու լուրից ինքնակազմակերպվել են, ոտքի կանգնել՝ նպատակ ունենալով իրենց ձայնը հասցնել որոշում ընդունողներին, որ, խնդրում ենք, սթափվեք և ողջախոհություն դրսևորեք, հասկացեք, որ չի կարելի այդ եղանակով ինչ-որ բանի հասնել», - ասաց Մանուկյանը։

Պրոռեկտորը հավատացած է, որ իրենք կկարողանան հասնել նախանշված նպատակին՝ ողջամտության դրսևորմանը։