1․ Հե՞շտ է
էս խառը ժամանակներում լինել բանաստեղծ։
-Ցավ ի սիրտ
պիտի ասեմ, որ հեշտ է, ավելին՝ խառը ժամանակներն են, որ ծնում են բանաստեղծին։ Ես բանաստեղծություններիցս
մեկում ասում եմ <<Չէ՞ որ Բնության զույգ արցունքներն են Պոետն ու տերը>>․ եթե այս
տրամաբանությամբ առաջնորդվենք, ստացվում է, որ թե Տերը, թե Պոետը գրեթե նույն գործառույթն
են կատարում, այսինքն փորձում են համակարգել Քաոսը ու բերել Կոսմոսի․ և ինչպես
Տերն էր Քաոսը Կոսմոսի բերում, ճիշտ այդպես էլ Պոետն է փորձում դա անել։ Ստացվում է՝
եթե ժամանակները խառն ու խրթին չեն, մեծ հաշվով Պոետը մնում է անգործ ու անծին, իսկ
եթե նա իրապես մեծ է, ապա անխառն ժամանակներում
էլ աշխարհը յուրովի կքանդի ու կվերակառուցի՝ ինչպես օրինակ Ռիլկեն․․․
Այնպես որ՝ ինչքան էլ խառը ժամանակները նպաստում են ստեղծագործելուն, ես ամեն դեպքում կողմ եմ, որ խաղաղ ժամանակներ լինեն և ավերն ու ավարը չդառնան բանաստեղծության նյութ, և բանաստեղծությամբ զբաղվեն իրապես շնորհյալ բանաստեղծները․․․
2․ Դու, որպես քաղաքացի, շատ ակտիվ ես, միշտ ունես արձագանք երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, հատկապես ի՞նչն է քեզ այսօր անհանգստացնում մեր երկրում։
-Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի․ այս խոսքերին ես շատերի
ինադու կհավելեմ, որ ես նաև զինվոր եմ ու, որ գլխավորն է, Հայ․ ինչո՞ւ եմ շեշտում սա,
որովհետև վերջին շրջանում քաղաքացի տերմինը խեղդել է Հայ-ին, ու վերևներում էնպես էն
խուսափում Հայ լինելուց, կարծես մի նկուղում զենք են պահել իրենց երեխայի ճակատին ու
հենց արտաբերեցին Հայ բառը՝ ձգանը կքաշեն․․․
Հիմա անցնեմ բուն հարցին․ Իմ ողջ
գիտակցական կյանքում ինձ մտահոգել, իսկ հիմա արդեն սարսափեցնում է նյութական հայրենիք
ունենալու մոլուցքը, որը բացառում է Հոգևոր Հայրենիքի գաղափարը։
30 տարի շարունակ մեզ հետևողականորեն համոզեցին, որ Պետությունը Հայրենիքի կարիք չունի, որ գերագույն արժեքը՝ դա կուշտ փորով մարդն է, որի միակ բողոքը պիտի լինի ավելացված արժեքի հարկի դեմ, կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքման ձրի վիրահատության։ Ես միլիոներորդ անգամ կրկնվում եմ, որ ամենափառավոր կերպով թքած ունեմ էն իշխանության ու ժողովրդի վրա, որը կլուծի Արցախի խնդիրը ի շահ մեզ, ետ կբերի Արևմտյան Հայաստանը, ասֆալտի վրա վարդեր կաճեցնի, բայց չի տա էն ֆորման, թե ի՞նչ արժեհամակարգի մարդ պիտի ապրի էս աշխարհագրական տարածքի վրա։ Կարճ ասած ինձ համար առաջնայինը Տերյանի Հոգևոր Հայաստանին հասնելն է ու հանուն այդ Հագևոր Հայաստանի է իմ կռիվը եղել միշտ ու կմնա․․․
3․ Տեսնելը եւ նկատելը տարբեր իրականություններ են։ Բանաստեղծները,
որպես կանոն, արտաքին աշխարհը եւ տեսնում են, եւ նկատում։ Հատկապես ի՞նչ չէիր ուզի
տեսնել եւ նկատել մեր ժամանակներում։
-Ես այդ երկու երևույթները կպարփակեմ
մեկ բառի մեջ՝ տեսանող։ Վերջերս շատ են նախկինում գրված հոդվածներս նկարում ուղարկում,
ասելով, որ դեռ տարիներ առաջ մարգարեացել եմ։ Տեսեք, դեռ պատերազմից մեկ տարի առաջ,
երբ իշխանությունները ջանասիրաբար սպանդ էին կազմակերպել ամենայն հայկականի դեմ՝ լեզու,
գրականություն, պատմություն, երբ քարոզ էին տանում ոչ ընտանիքին, ոչ սահմաններին, ոչ
սեռին, ոչ եկեղեցուն, երբ Հայոց Պատմության դասագրքերը թուրքերի փողերով վերախմբագրում
էին և այլն, մի հոդված էի գրել, ասելով, որ էս արժեհամակարգով կրթվող երեխան վաղը սահմանին
ոչ միայն կպարտվի, այլ այդ երեխաների աճյունները անգամ չեք գտնի, որ բերեք հողին հանձնեք։
Իհարկե ինձ համարեցին վատատես ու ազգադավ մեկը, հազարավոր հետևորդներ ինձ ջնջեցին ընկերների
ցանկից և այլն։ Հետո եղավ էն, ինչ եղավ։ Եվ դա բնավ մարգարեության հետ կապ չունի, այլ
պարզ տեսանողության, որը ընդամենը փաստերի համադրությամբ եզրակացության գալն է։
Չտեսնել ու չնկատելու մասով․ ամեն բան կտաի, անկեղծ եմ ասում, նույնիսկ սեփակն կյանքս, միայն թե չտեսնեի էս ժողովրդի համատարած ռնգեղջյուրացումը․ նախընտրական քարոզարշավին, մեղմ ասած, դարձել էի Կալիգուլան․ դիվային գալարքների մեջ էի ու եմ՝ տեսնելով, թե ինչպես են վայրի սուլոցներով, ծափերով ու անանասնական զկրտոցներով սատարում այս կամ այն քաղաքական առաջնորդին։ Ես չեմ ասում ի՞նչու էին սատարում, ես սատարման ձևի մասին եմ խոսում․ բացառապես բոլորի քարոզարշավին նույն ամբոխն էր, որը կորցրել է ոչ միայն բանականությունը, այլ կենդանական բնազդն անգամ։ Կովի հորթը որ սատկում է, էդ կովը մի քանի օր կեր չի ուտում ու ջուր չի խմում, բա լավ, ո՞նց կարելի է տժժալ 5000 երեխու գերեզմանաթմբերի մոտ։ Այ սա է, որը չտեսնելու համար երբեմն ուզում եմ փորել աչքերս ու Ոդիսևսի պես մեղվամոմով խցեմ ունկերս․․․
4․ Ո՞րն է գրականության մեջ չափը, դասականի լեզվով ասած՝ այն ոսկե սանձը...
-Գրականության մեջ չափը երևի թե անչափությունն է, որը պարտադիր գիտակցված է ու հիմնված իմացության վրա, եթե դա չկա, ուրեմն չկա գրականություն, հետևապես չափից խոսելը էշին մոխրաջրով լողացնելու պես բան է․․․
5․ Ասում են՝ պոեզիայի ուժը պարզության մեջ է։ Ո՞րն է պոեզիայի
ուժն ըստ քեզ։
-Թերևս էդպես ասում են էն մարդիկ, ովքեր երբևէ պոեզիա չեն կարդացել, խոսքս իսկական պոեզիայի մասին է։Ես հեծանիվի գյուտ չեմ անի ու կասեմ էն, ինչը դեռ Սափֆոյի ու Ալկիլոսի բանաստեղծական նամակագրությունից է փաստվել․ պոեզիայի ուժը Կաղության մեջ է․ չկա կաղություն՝ չկա և բանաստեղծություն։ Էդ ասողները էն մարդիկ են թերևս, որոնք Տերյանի Ես էլ դու եմ ես չկամ-ը, կամ Իսահակյանի Սիրածներիս կորստի հետ-ը համարում են պարզ ու շքեղ բանաստեղծություններ։ Այլ կերպ ասած՝ Մեծ բանաստեղծները սովորաբար գրեթե բոլոր բանաստեղծություններում առաջնորդվում են <<Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն>> սկզբունքով, այսինքն Կանտի պնդումից ելնելով շարքային ընթերցողին տալիս են իր բաժինը, ակադեմիական ընթերցողին՝ իր բաժինը․․․
6․ Ե՞րբ ես
երջանիկ լինում։
-Երբ դադարի անտառի պարը, այս անսեռ քամու հնչյունների տակ, որին ես զլանում եմ մերվել․․․
7․ Ո՞րն է հայի իսկական երգը։
-Երկինքն
ամպել է,
Ինչ անուշ թոն է,
Գամ դռնեն անցնեմ՝
Հոգյակս հոն է․․․
Զրուցեց Արմինե Բոյաջյանը