1․ Ադիսոնն ասել է, որ
ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի։ Որպես
շատ ընթերցող գրող ի՞նչն ես կարևորում՝ կարդալ ամեն ինչ՝ հասկանալու համար՝ ինչ պետք
չէ կարդալ, թե՞ կարդալ հատուկ ընտրությամբ։
-Ես երբեք այդպիսի հարցեր իմ առջև չեմ դրել կարդալուց առաջ: Ես
ու Գրականությունը ի սկզբանե իրար հետ Դու-ով ենք շփվել: Նա ով ինձ լավ գիտի, դա ակնհայտ
տեսնում է և զգում: Ինձ համար դժվար չէ լավ գրքեր գտնելը: Գրականության հետ շփվելով
իմ մարմնի վրա մի քանի անգամ Լուսավորություններ են իջել և դրանից հետո այդ թղթի հաստ
շերտերի տակից ես լավ տեսնում եմ նրան՝ Գրականությանը, ով ամեն գնով թաքնվում է այն
մարդկանցից ովքեր այդպիսի հարցադրումներով են մոտենում իրեն: Ժամանակակից գրականությունը
այդ ստերիլ դեմքերով է ողողված, ովքեր կարդալուց առաջ այնքան հարցեր են տալիս Գրականությանը,
որ նա ուղղակի որոշում է ձեռքերը լվանալ նրանց հետ շփումից հետո: Ես քնելուց առաջ միշտ
աղոթում եմ Գրի Աստծուն, որ մեզ հեռու պահի ստերիլ գրողների մաքուր գրքերից:
2. Կա՞ ստեղծագործություն, որ մեծ ներգործություն է ունեցել
քո կյանքում։
-Իմ կյանքը ինքնին հետաքրքիր
չէ, որովհետև ես ապրում եմ այս երկրում և այս ժողովրդի մեջ, զբաղվում նրանով, ինչը
չի կարող հետաքրքիր լինել այս գրականազուրկ տարածքի համար: Դրա համար իմ կյանքը բաղկացած
է այդ կարևոր գրքերի միջև ընկած տարածքներից: Նրանք անընդհատ պետք է հայտնվեն, որպեսզի
այդ տարածքները իմաստավորեն ինձ ու իմ գրականությունը: Իմ կյանքը գրական հանճարեղ գրքերի
առանցքով է անցնում: Ես ինքս մի գրական հերոս եմ, որից եթե առանձնացնենք գրողի ձեռագիրը
կամ հետաքրքիր մտքերը, տակը կմնա մի անհետաքրքիր մարդ, ով դանդաղ փտում է գրականազուրկ
այս տարածքներում:
Ռոբերտո Կալասսոյի «Գրականությունը
և աստվածներ»-ից մինչև Էդուարդ Լիմոնովի «Սրբազան հրեշներ», Վլադիմիր Սորոկինի
«Երկնագույն ճարպ»-ից մինչև Ֆլոբերի «Խելագարի հուշագրություններ», Դոմալի «Սուրբ պատերազմ»-ից մինչև Ադամեկի «Մեռյալների թռչուն»-ը: Ահա իմ կյանքը լցված ստեղծագործություններով,
որոնք ոչ թե ներգործություն ունեցան իմ կյանքի վրա այլ դարձան իսկական գրողի կյանք:
3. Ո՞րն է լավ գրականության կամ բարձր ձեռագրի քո սեփական չափորոշիչը։
-Երբ կարդալուց հետո քեզ վրա տառեր
են դուրս տալիս:
4. Գրողի ապրածի լեցունությունը
բարձրացնու՞մ է նրա գրի որակը, թե՞ տաղանդի մեծությունը կարող է լուծել այդ հարցը։
-Իմ դեպքում ես ուղղակի պետք
է հեռու մնամ այս տարածքներից, որտեղ վխտում են գրական գործակալները և գրականագետները,
գրողները և գրողիկները: Հեռու մնալով նրանցից և ճամփորդելով՝ իմ առջև բացվում են հորիզոնները:
Ես գրելով չէ, որ բացում եմ գրականությունը ինձ համար․ ես ատամներով եմ գրում
բոլոր իմ գրքերը: Իսկ ինչ վերաբերում է տաղանդին, վերջերս Թումանյանի տուն թանգարանի
տնօրենը բարձրաձայն կարդացել էր իմ գրքից մի հատված: Կ՞ա ավելի մեծ ապացույց, երբ ամեն
ժամանակների ամենամեծ գրողներից մեկի տանը կարդում են քո գրածը: Այդ կարդալուց հետո
գրականագետները, որպեսզի նվազեցնեն բոլորի առջև իմ գրականության ուժը, սկսեցին շփոթված
նոր բառեր հորինել: Իմ գրականությունը չի տեղավորվում ոչ մի հին բառերի մեջ, նրան բնութագրելու
համար դեռևս չստեղված բառեր են պետք: Ինչպես տեսնում եք, իսկական գրականությունը նույնիսկ
ամենամիջակներին է ոգեշնչում դեպի նորը: Իմ շողքը հայ գրականության համար ավելին է
արել, քան բոլոր գրականագետները միասին:
5. Ո՞ր լեզվով ես սիրում կարդալ։ Ինչու՞․․․
-Ես սիրում եմ կարդալ այն թարգմանիչների
գրքերը, որոնք ամեն անգամ թարգմանելով զրոյից նոր լեզու ու նոր խոսք են ստեղծում: Կենդանացնում
մեռածը: Թարգմանիչը Քրիստոսն է, որ ձեռքը դնելով դիակի վրա՝ կարողանում է նրան նորից
խոսեցնել: Եվ դիակը խոսում է այնպես, ասես քիչ առաջ ուղղակի քնած էր:
6. Ե՞րբ ես երջանիկ լինում։
-Երբ երեկոյան տան դուռը փակում
եմ և մտնում սենյակս, որը նման է Մալևիչի քառակուսուն և նայում եմ առաստաղին և այնքան
երկար չեմ թարթում աչքերս, որ սկսում եմ առաստաղիս վրա իսկական աստղեր տեսնել:
7. Ո՞րն է հայի իսկական երգը։
-Երբ ես չեմ հասկանում բառի իմաստը,
ինձ միշտ օգնության է հասնում մոն սինյոր Աճառյանը: Նա ասում է, որ «երգ» բառը նշանակում է ճառագել կամ աղոթել: Ահա
և եկանք և հասանք վերում գրված իմ Լուսավորություններին կամ Փայլատակումներին, ինչպես
և պարոն Ռեմբոյի մոտ է շատ հաճախ հանդիպում այս բառերը: Մեր երգը վաղուց արդեն չի ճառագում,
և դրա համար մեր մեջ դեռ չկա այն գրականությունը, որը աղոթք կդառնա:
Իսկ մինչ այդ ես կասեմ. հանգչեք
խաղաղությամբ, բոլոր ծնվածներ:
Զրուցեց Արմինե Բոյաջյանը
Լուսանկարը՝ Միսակ Սարգսյանի