55 ժամ ղեկին անցկացրած 13-ամյա արցախցի Գոռը Երևանում վարսավիրի մասնագիտություն է սովորում. Sputnik Արմենիա
Գոռը մեկն է այն երեխաներից, որ Արցախից մեքենայով դուրս է բերել իր ընտանիքի անդամներին ու ապահով հասցրել Հայաստան։

Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ 13-ամյա Գոռը, որը 55 ժամ ղեկին է եղել և իր 8-հոգանոց ընտանիքին Ստեփանակերտից բերել է Հայաստան, հիմա Երևանում փորձում է յուրացնել վարսավիրի մասնագիտությունը։ Սա նրա երկրորդ հետաքրքրությունն է մեքենա վարելուց հետո, որը հայրն է սովորեցրել։
 
«10 տարեկանից որոշել էի, որ պետք է վարսավիր դառնամ, բայց Արցախում չեմ սովորել, միայն պապիկիս էի թրաշում։ Այստեղ արդեն նպատակս իրականություն է դառնում։ Հիմա 9-րդ դասարան եմ, հենց ավարտեմ, դուրս եմ գալու, որ սկսեմ այս մասնագիտությամբ աշխատել», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գոռը։
 
Նրա վարպետ Կարո Աբաչյանը վստահ է` Գոռի մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ նպատակասլաց է ու ձեռքի շնորհքն էլ ունի։
«Գոռն ապագայում լավ մասնագետ կդառնա ու նրա մասին դեռ կլսենք», - նշել է վարպետը։
 
Գոռը դեռ Արցախում անցկացրած վերջին օրերին է որոշել՝ պետք է անպայման աշխատի ու ընտանիքին օգնի։ Ասել է` իր սիրելի Ղարաբաղում թողել է տունը, ընտանիքի ողջ պատմությունն ու մանկությունը։