44-օրյա պատերազմի մասնակից ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստացած 33-ամյա Ջանիկ Հարությունյանը օգնության կարիք ունի:
NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` տիկին Կարինեն պատմեց, որ վիրավորում ստանալուց հետո որդու աղիներն են հեռացրել, միայն հաստ աղին է մնացել, մինչեւ հիմա 3 բարդ վիրահատություն է տարել:
«3-րդ վիրահատությունից հետո վիճակը շատ վատացավ, հազիվ փրկվեց: Հիմա էլ վիճակը վատ է, շատ թույլ է, չի կարողանում նույնիսկ քայլել, բժիշկները փորձում են կայունացնել վիճակը: Ինքը որ պատերազմ գնալուց 98 կգ էր քաշը, հիմա 40 կգ է, ահավոր նիհարել է, ուղղակի ես ճար չունեմ, դրա համար եմ դիմում օգնության»,-ասաց նա:
Տիկին Կարինեն նշեց, որ այժմ իրենք գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում. «Հիվանդանոցը ինչ դեղորայք որ ունի պետության հաշվին է անում, ինչը չունի` մենք ենք գնում: Երեկ նաեւ «Զինվորի տնից» են եկել, որդուս անհրաժեշտ դեղորայք են բերել»:
Տիկին Կարինեն ասաց, որ որդին երկու անչափահաս երեխաներ ունի եւ իրենց օգնություն է անհրաժեշտ որդու բուժումը կազմակերպելու համար:
Նշենք, որ Ջանիկ Հարությունյանը կամավոր է մեկնել պատերազմ սեպտեմբերի 28-ից, հոկտեմբերի 4-ին բեկորային վիրավորում է ստացել եւ նրան տեղափոխել են Հայաստան:
Տիկին Կարինեի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 098 266595: